Մեկնաբանություն

20.01.2016 10:51


Շպենգլերի անեծքը

Շպենգլերի անեծքը

Միջազգային լրատվամիջոցները տեղեկացնում են, որ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի գլխավորած կուսակցության վարկանիշը հակառեկորդ է սահմանել՝ արձանագրելով շատ ցածր ցուցանիշ։ Ցածր է նաև անձամբ Մերկելի վարկանիշը։

Դժվար չէ հասկանալ, որ այդ ամենը ԵՄ առաջնորդ հանդիսացող Գերմանիայի կանցլերի՝ փախստականների հետ կապված քաղաքականության, ինչպես նաև արտաքին ասպարեզում ԵՄ–ն ամբողջությամբ ԱՄՆ–ի անատամ կցորդի վերածելու հետևանքն է։

Եվրահանձնաժողովի նախագահ Ժան–Քլոդ Յունքերը հայտարարել է, որ Շենգենյան համաձայնագրի գոտին կարող է փլուզվել փախստականների ճգնաժամի հետևանքով առաջացած խնդիրների ճնշման տակ։

2015–ի վերջին Աֆրիկայի և Մերձավոր Արևելքի երկրներից Եվրոպա ժամանած ներգաղթյալների հսկայական հոսքերի պատճառով եվրոպական որոշ երկրներ որոշել են վերականգնել սահմանային վերահսկողությունն իրենց հարևանների հետ։

Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկն էլ հայտարարել է, որ եթե փախստականների հարցով կոնկրետ լուծումներ չգտնվեն, և ամեն ինչ մնա այնպես, ինչպես հիմա, ապա Շենգենյան համաձայնագիրը կփլուզվի՝ իր հետևից փլուզելով միասնական Եվրոպայի քաղաքական կառույցը։

ԵՄ խնդիրն այն է, որ միջազգային ասպարեզում ինքնուրույն որոշումներ չի կարողանում կայացնել։ Մասնավորապես, անվտանգության հարցում այն ՆԱՏՕ–ի, այսինքն՝ ԱՄՆ–ի խնամակալության տակ է։ Այդ հանգամանքն անզոր է դարձնում ԵՄ–ին Վաշինգթոնի հետ հարաբերություններում։ ԵՄ–ն համտեսում է ԱՄՆ–ի մերձավորարևելյան քաղաքականության բացասական հետևանքները, սակայն չի կարողանում ծպտուն հանել։

ՆԱՏՕ–ում ԱՄՆ–ից հետո հզորությամբ երկրորդ ուժ համարվող Թուրքիայի շանտաժների և պրոահաբեկչական քայլերի դեմ էլ է ԵՄ–ն անզոր, քանզի տարիներ շարունակ անողնաշար քաղաքականություն է վարել։

Ու հիմա ԵՄ–ում տագնապ են հնչեցնում, սակայն ուշ չէ՞ արդյոք։

Օսվալդ Շպենգլերը դեռ նախորդ դարասկզբին էր իր «դատավճիռն» Արևմուտքի մասով հրապարակել։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը