Լրահոս

06.10.2010 15:10


«Էրեբունի-Երևան» 2792

Հոկտեմբերի 10-ին հանդիսավորությամբ նշվելու է «Էրեբունի-Երևան» տոնակատարությունը՝ «Երևանը մենք ենք» կարգախոսով։ Այդ օրը վաղ առավոտյան 8-30-ից անվտանգության նկատառումներով փոքր կենտրոնում կդադարեցվի երթևեկությունը, ջրցան մեքենաներով կլվացվեն փողոցները։

Մշակութային, մարզական, ժամանցային միջոցառումներ կանցկացվեն մայրաքաղաքի փոքր կենտրոնի տարբեր զբոսայգիներում, պուրակներում և հրապարակներում։ Տոնական միջոցառումների համար բեմեր կձևավորվեն 20 տարբեր վայրերում։ Գեղարվեստական բազմաոճ միջոցառումները մեկնարկելու են գրեթե միաժամանակ՝ նախատեսվում են թատերականացված բեմականացումներ, տիկնիկային ներկայացումներ, մանկական խաղեր, հեղինակային, էստրադային, ժողավրդական երգեր, դասական, ջազ և ռոք երաժշտություն, մնջախաղ, վազքի մարաթոն և այլն՝ շուրջ 2 տասնյակ բովանդակային բեմեր։ Ամենամեծ թատերական բեմականացումը նախատեսված է Էրեբունի թանգարանին հարող հրապարակում, որտեղից 3000 հոգուց բաղկացած զորախումբը Արգիշտի թագավորի գլխավորությամբ քայլերթով կշարժվի դեպի Ռուսաստանի հրապարակ, որտեղ շքերթի մասնակիցներին կողջունի Երևանի քաղաքապետը։ Երևանի հիմնադրման 2792-ամյակին նվիրված տոնական հանդիսավոր շքերթը՝ քաղաքապետարանին հարակից Ռուսաստանի հրապարակից դեպի Հանարապետության հրապարակ նախատեսված է կեսօրին՝ ժամը 14-ից 15-ը։ Տոնական միջոցառումները կամփոփվեն Հանրապետության հրապարկում՝ գալա համերգով։ Ժամը 22-ին տոնական Երևանի երկինքը կզարդարի շքեղ հրավառությունը։

Ավարտական փուլում են տոնական միջոցառումների նախապատրաստական աշխատանքները։ Հոկտեմբերի 10-ին առավոտյան ժամը 12-ից մայրաքաղաքում գործելու են մոտ 30 տեղեկատվական  կետեր, որտեղից մեր համաքաղաքացիները կարող են ստանալ տոնական միջոցառումների մասին տեղեկատվություն, բուկլետներ, կրծքանշաններ, գլխարկներ, դրոշակներ, փուչիկներ և այլն։ Տոնական միջոցառման մասնակիցներին Երևանի քաղաքապետարանի կողմից կտրամադրվեն տոնակատարության խորհրդանիշով շապիկներ և գլխարկներ։

Երևանի բոլոր վարչական շրջաններում արդեն տեղադրվել են «Երևանը մենք ենք» կարգախոսով «Էրեբունի-Երևան» տոնակատարությունը գովազդող   պաստառներ։  Երիտասարդական կամավորական  խմբերը հոկտեմբերի 4-ից Երևանի փողոցներում անցորդներին բաժանում են տոնական միջոցառումների ուղեցույցներ, կրծքանշաններ ու այլ խորհրդանիշեր։ Ամբողջ քաղաքը տոնական տեսք կունենա: Տոնական ձևավորման աշխատանքները մայրաքաղաքի փողոցներում կավարտվեն հոկտեմբերի 9-ին։  Կենտրոնական  փողոցները, հրապարակներն ու կամուրջները՝ Մաշտոցի պողոտա, Խանջյան փողոց, Հաղթանակի կամուրջ և այլն  զարդարված կլինեն Հայաստանի պետական և Երևանի դրոշներով։ Կենտրոնական հրապարակներում և փողոցներում արտաքին լուսավորությունը ևս տոնական է լինելու. գեղարվեստական շքեղ լուսատուներ են տեղադրվել Շահումյանի, Ֆրանսիայի և քաղաքապետարանին հարակից Ռուսաստանի հրապարակներում, մայրաքաղաքի 14 գլխավոր փողոցներում՝ Մաշտոց, Բաղրամյան, Կոմիտաս, Խանջյան, Նալբանդյան, Աբովյան, Սայաթ-Նովա, Կիևյան և այլն։  Երևանի 2792-ամյակի տոնակատարություններին մասնակցելու են նաև 11 օտարերկրյա  պատվիրակություններ՝ բարեկամ և գործընկեր քաղաքներից՝ Մոսկվայից, Խարկովից, Սանկտ-Պետերբուրգից, Շիրազից, Սպահանից , Մարսելից, Լիոնից,  Բեյրութից և այլ քաղաքներից։

Երևանի ավագանու հոկտեմբերի 5-ի որոշմամբ «Էրեբունի-Երևան» տոնակատարության շրջանականերում հաստատվել են նաև  Երևանի պատվավոր քաղաքացու կոչմանն արժանացած անձանց անունները: Երևանի պատվավոր քաղաքացիների շարքն այս տարի կհամալրեն Երևանի մետրոպոլիտենի գնացքավար Սամվել Պետրոսյանն ու  սիրիահայ բարերար, «Փյունիկ» բարեգործական միության պատվավոր նախագահ Գաբրիել Ջեմբերջյանը: Սամվել Պետրոսյանը արդեն 30 տարի է' մեծ նվիրումով ու սիրով աշխատում է մետրոպոլիտենում, իսկ Գաբրիել Ջեմբերջյանն իր բարեգործությամբ աջակցել և աջակցում է մայրաքաղաքում իրականացվող տարբեր համաքաղաքային ծրագրերի: Մասնավորապես, նրա շնորհիվ վերազինվել են դպրոցական լաբորատորիաներ, բակերում տեղադրվել են նոր խաղեր, երաժշտական գործիքներ են տրամադրվել Երևանի երաժշտական դպրոցներին:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և

հասարակայնության հետ կապերի վարչություն

Այս խորագրի վերջին նյութերը