Մեկնաբանություն

22.01.2016 12:10


Ում նաֆսն էր կպել Աշոտյանին (տեսանյութ)

Ում նաֆսն էր կպել Աշոտյանին (տեսանյութ)

Ինչպես հայտնի է, տարին սկսվեց հակասական զգացողություններ առաջացնող լուրերով. ՀՀԿ–ական Արմեն Աշոտյանը կոտրեց ոտքը, Գալուստ Սահակյանն էլ ավտոմեքենայով «լռվեց» ձների մեջ ու միայն փրկարարների օգնությամբ կարողացավ ազատվել։

Պարզվում է, որ այդ ամենը ոչ թե առատ ձյան ու ձնից չմաքրված փողոցների պատճառով է տեղի ունեցել, այլ անմարդկային նաֆսի։ Գոնե Արմեն Աշոտյանի մասով այդպես է։

Մի շտապեք կարծել, որ Հ1–ի «ֆանտոմաս» հաղորդավարին նաֆսել են Երևանի Բաղրամյան փողոցում, և այն միայն ամիսներ անց է կպել։ Բաղրամյանում Աշոտյանին ոչ թե նաֆսեցին, այլ շատ կոնկրետ տեղ ուղարկեցին։ Այնպես որ, «Բաղրամյանի» վարկածը բացառվում է։

ՀՀ կրթության և գիտության նախարարին, դատելով վերջին օրերի տեղեկատվական հոսքերից, նաֆսել են դաշնակցականները։

Բանն այն է, որ ՀՅԴ–Սերժ Սարգսյան առևտրային քննարկումների ժամանակ, ըստ «անկախ» մամուլի, Հրանտ Մարգարյանն ուզել է ՀՀ կրթության և գիտության նախարարի պորտֆելը (դրանով իսկ փաստացի հաստատվում է, որ ընտրակեղծիքների հարցում կրթական համակարգը հսկայական դերակատարություն ունի. դրա համար էլ դաշնակցականներն ուզում են այդ «համեղ պատառիկը»)։ Այսինքն՝ ՀՅԴ–ն աչքը տնկել է Արմեն Աշոտյանի աթոռի չորս ոտքի վրա, ինչի արդյունքում էլ կոտրվել է ՀՀԿ–ական նախարարի ոտքերից մեկը։

Հարկ է նկատել, որ Աշոտյանի բախտն այդ առումով չի բերում։ Ով Սերժի հետ առևտրային «բազառի» մեջ է մտնում, անմիջապես աչքը տնկում է իր աթոռի վրա։

Եթե հիշում եք, 2013–ի նախագահական «ֆեյք» ընտրություններից հետո էլ Րաֆֆի Հովհաննիսյանն էր Ազատության հրապարակից պահանջում կրթության ու գիտության նախարարի պաշտոնը և այդ թեմայով նույնիսկ բաց նամակ գրեց ՀՀԿ ղեկավարին։ Եվ դա այն դեպքում, երբ Արմենը Րաֆֆու արտահաստիքային «փիառշիկի» դերն էր կատարում «ֆեյք» ընտրությունների քարոզարշավի փուլում։

«Ժառանգության» առաջնորդին, իհարկե, բան չտվեցին, բայց նստվածքը մնաց։

Ու հիմա դաշնակցականներն են շարունակում Րաֆֆու գործը։ Բա այդքանից հետո Աշոտյանի ոտքն ինչպե՞ս դիմանա։ Նման դեպքերում կարելի է չար աչքը հեռացնող միջոցառումներ կիրառել։ Օրինակ՝ սառույցով լի դույլը լցնել նաֆսվածի վրա։ Մանավանդ որ նման փորձ Աշոտյանն ունի։

Սամվել Խաչագողյան

Այս խորագրի վերջին նյութերը