Մեկնաբանություն

23.01.2016 09:05


Չի մերժի, բայց կտա՞

Չի մերժի, բայց կտա՞

ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը հանգամանքների բերումով հրապարակայնացրեց Սերժ Սարգսյանի հետ իրենց քննարկումները կամ առանձնազրույցները։ Հիմա սկսվել է «հոլանդական աճուրդ» հիշեցնող գործընթաց։

Սերժ Սարգսյանն իր լրատվամիջոցներով, ՀՀԿ–ական ենթականերով ու «փորձագետներով» փորձում է գին գցել, իսկ ՀՅԴ–ականները, բնականաբար, դիմադրում են։ Ամեն ինչ փոխադարձ անվստահության մթնոլորտում է տեղի ունենում։

Բոլորի համար էլ պարզ է, որ որևէ խոսք չի կարող լինել կոալիցիայի մասին։ Կոալիցիա լինում է այն դեպքում, երբ խորհրդարանում առանձին վերցրած մեկ ուժ չի ունենում հսկիչ թափեթ և որոշումներ անցկացնելու անհրաժեշտ ձայների քանակ։ Հիմա նման վիճակ չկա։ Իսկ դա նշանակում է, որ տեղի է ունենում առևտուր՝ անձնական ինչ–ինչ շահեր բավարարելու նպատակով։ Պատասխանատվություն վերցնելու և պետության շահն առաջ տանելու մասին խոսակցությունները դեմագոգիայի ոլորտից են։

Հարցն այն է, թե ինչի համար է այս ամենը, և ինչու է հերթական անգամ հայրենիքը կրկեսի վերածվում։

Քաղաքական դաշտի անապատացման պայմաններում Սերժ Սարգսյանն այս պահին պետք է որ իրեն ինքնավստահ զգար։ Չի զգում. նշանակում է՝ ինչ–որ բան խանգարում է, կամ էլ ՀՅԴ–ն ՀՀԿ ղեկավարին պետք է ներիշխանական հարաբերություններում որպես գործիք օգտագործելու համար։

ՀՅԴ–ին ներգրավելու ցանկությունը նաև հուշում է, որ Սարգսյանն իրեն թույլ է զգում «Վարչապետ» օպերացիան կյանքի կոչելու հարցում, քանզի այդ օպերացիան փոզմիշ անելու համար շահագրգռված են ոչ միայն հանրության ճնշող մեծամասնությունը, այլ նաև իշխանության ներսի որոշակի շրջանակները։

Սարգսյանի համար խնդիրը հիմա այն է, որ ՀՅԴ–ին չմերժի, բայց, միևնույն ժամանակ, չտա, համ էլ՝ կարողանա ՀՀԿ–ի վրա վերահսկողությունը պահել։

Սարգսյանին ՀՅԴ–ն ապագա խորհրդարանում պետք է, բայց նա գիտի, որ առանց վարչական լծակների՝ դաշնակցականները չեն հաղթահարի հինգ տոկոս շեմն ԱԺ առաջիկա ընտրություններում, քանզի այնպես են «փչացել», որ, ինչպես ասում են, «դալշե նեկուդա»։ Ընդ որում՝ ՀՅԴ–ն այդ ամենի մասին տեղյակ է, և այդ իսկ պատճառով էլ նետվել է պորտֆելների համար պայքարի։

ՀՅԴ–ի նպատակը տեսանելի է՝ վերցնել պորտֆելներ, որպեսզի դրանք դառնան փողի և ընտրությունների ժամանակ ձայներ ապահովելու աղբյուրներ։

Թե ինչ կստացվի ի վերջո, դեռ պարզ չէ։ Պարզ է միայն այն, որ ՀՅԴ–ին որպես ավելորդ ուտող բերան բերելը նյարդայնացնելու է ՀՀԿ–ական տարբեր շրջանակների, քանզի հասկանալի է, որ ՀՅԴ–ին կերակրատաշտակի մոտ թողնելը նշանակելու է այլ մարդկանց նույն այդ կերակրատաշտակից հեռացում։ Եթե ՀՅԴ–ին պաշտոն տան, ապա դժգոհություն կառաջանա ոչ միայն ՀՀԿ–ում, այլ նաև հաճախորդաց բանակում (բա «Կոզլևի՞չը»)։

Ահա այս ամենի շուրջ էլ էպիկական կրքեր են բորբոքվում հանրության ու պետության թիկունքում։

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը