Մեկնաբանություն

24.01.2016 14:56


«Նախագա՛հ, մի՛ զիջիր». ՀՀԿ–ականների կոչը

«Նախագա՛հ, մի՛ զիջիր». ՀՀԿ–ականների կոչը

Հիմա կարծես թե եկել է ՀՀԿ–ականների՝ «Նախագա՛հ, մի՛ զիջիր» կոչը հնչեցնելու ժամանակը։

Այս եզրահանգմանը գալիս ենք՝ հետևելով մի շարք ՀՀԿ–ականների հայտարարություններին ու ներքին խմորումներին։

ՀՀԿ–ականները «փչացնում» են ՀՅԴ–ին և չեն ողջունում Սերժ Սարգսյանի՝ ՀՅԴ–ին պաշտոններ տալու մտադրությունը (կոալիցիայի մասին խոսելը տվյալ դեպքում առնվազն անգրագիտություն է)։

ՀՀԿ–ում հասկանում են, որ ՀՅԴ–ն ՀՀԿ ղեկավարի համար գործիքի դեր է կատարելու ներքին հեղաշրջում իրականացնելու համար (ՀՅԴ–ական քաղաքական կոռուպցիոներների «քյարը» պաշտոն վերցնելն ու փող փախցնելն է, բնականաբար, «հանուն հայրենիքի»)։

«Մեկ օլիգարխի տնտեսություն» կառուցելու համար է Ս. Սարգսյանին պետք եկել ՀՅԴ–ն։ «Մեկ օլիգարխի տնտեսությունը» նշանակում է սեփականության կոպիտ կամ թավշյա տարբերակով վերաբաշխում հօգուտ մեկ անձի ու նրա ընտանիքի անդամների։

Սեփականությունը Հայաստանում հիմնականում կենտրոնացած է ՀՀԿ–ում, և բնական է, որ մեկ մարդու իշխանություն կառուցելու համար թիրախ պետք է դառնա վարչաբյուրոկրատական ու բիզնես վերնախավը՝ «իշխանության կուսակցությունը»։

Սերժ Սարգսյանը ցանկանում է «Պայքարում ենք օլիգարխների ու մականունավորների դեմ» լոզունգի ներքո նեոբոլշևիկյան հեղաշրջում իրականացնել։ Ասել է թե՝ հակաօլիգարխիկ բառապաշարով հանդես եկող ՀՅԴ–ականներն ու Բաղրամյան 26–ին կցված «անկախ» շրջանակներն իրականում գերօլիգարխիկ համակարգ ստեղծելու քաղաքականությանն են աջակցում։ Քաղաքականություն, որը հակապետական է, հակահասարակական, հակաժողովրդավարական ու հակաքաղաքացիական։

Հայ քաղքենու և գեղցու ականջի համար միգուցե հաճելի է «հակաօլիգարխիկ» հռետորաբանությունը, բայց դե, դա տգիտության և անհեռատեսության հետևանք է, քանզի այդպիսի քաղաքականության առաջին զոհերը նույն քաղքենիներն ու գեղցիներն են լինելու՝ ընկնելով խոր աղքատության գիրկը։ Սերժ Սարգսյանի ցմահ իշխելու տեսական հնարավորությունը գործնականում կյանքի կոչելուն աջակցելու հետևանքը միայն դա է լինելու։

Թող զարմանալի չթվա, բայց Սերժ Սարգսյան–ՀՅԴ ստվերային պայմանավորվածություններից ՀՀԿ–ի դժգոհ շրջանակները հանդես են գալիս գերօլիգարխիկ համակարգ ստեղծելու դեմ։ Նրանք դա անում են սեփական շահերից ելնելով, բայց արդյունքում համահունչ են դառնում հանրային շահին։

ՀՀԿ–ում հասկացել են, որ նոր Սահմանադրության շրջանակներում Սերժ Սարգսյանը կախման մեջ է հայտնվել իրենցից, ու հիմա, ՀՅԴ–ին օգտագործելով, փորձում է թուլացնել այդ կախվածությունը՝ հետագայում բոլորին «քցելու» մտադրությամբ։

ՀՀԿ–ում «չիստկաներ» անելն, ի դեպ, ամբողջությամբ տեղավորվում է բոլշևիկյան կոդերի մեջ։ Իսկ թե ով ում «չիստկա» կանի, կերևա շատ շուտով։

Կա՛մ ՀՀԿ–ում կկարողանան մեկուսացնել Սերժ Սարգսյանին (իսկ դա հնարավոր է միայն ՀՀԿ–ի առողջ շրջանակների ու հանրության լայն շերտերի երկխոսության միջոցով), կա՛մ Սերժ Սարգսյանը կկարողանա նեոբոլշևիկյան հեղաշրջում իրականացնել և իր հաճախորդների հետ միասին սուլթանատի վերածել Հայաստանը՝ այդտեղից բխող բոլոր բացասական հետևանքներով։

Հանրությունն իր շահն այս պատմության մեջ պետք է գտնի քաղաքականապես կազմակերպվելու և ներիշխանական անխուսափելի պառակտումներից օգտվելու միջոցով։

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը