Մեկնաբանություն

25.01.2016 13:45


«Հարիֆ» ամերիկացիները և «շուստրի» հայերը

«Հարիֆ» ամերիկացիները և «շուստրի» հայերը

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ չէր առաջադրվի երրորդ ժամկետում, եթե անգամ դա հնարավոր լիներ։ Այս մասին գրում է «Գազետան»՝ «Associated Press»–ին հղումով։

ԱՄՆ նախագահը նշել է, որ վերջապես կազատվի «պղպջակից»՝ հստակեցնելով, որ նկատի ունի իրեն Սպիտակ տնից դուրս մշտապես ուղեկցող թիկնապահներին։

Փաստորեն, հայաստանյան չափանիշներով՝ Օբաման, չերկարաձգելով իր իշխանությունը, հարիֆություն է անում։ Բա ինչպե՞ս կարելի է թողնել իշխանությունը և ուրախանալ, որ ազատվելու ես թիկնապահների ներկայությունից։

Սերժ Սարգսյանն, օրինակ, հարիֆ չէ. «շուստրի» է։ ՀՀԿ ղեկավարի վարքագիծը ցույց է տալիս, որ նա առաջնորդվում է հետևյալ սկզբունքով. «Ինչպե՞ս կարելի է գյոզալական իշխանությունից հրաժարվել. եթե այն մի անգամ ձեռքդ է ընկել, ապա պետք է պինդ բռնես ու բաց չթողնես»։

Սարգսյանը «սահմանադրական» հեղաշրջում նախաձեռնեց, որպեսզի հետո ԱԺ նախագահի կամ վարչապետի կարգավիճակով ցմահ իշխանություն ունենա։ Կստացվի՞ դա նրա մոտ, թե՞ ոչ, այլ հարց է։ Փաստն այն է, որ նա Սահմանադրությունը փոխել է իշխանության մեջ ցմահ մնալու նպատակով։

Ճիշտ է, Սարգսյանից ավելի «շուստրիներն» էլ կան (օրինակ՝ Տաջիկստանի նախագահը այդ երկրի մայր օրենքում ամրագրել է իր ցմահ մնալու դրույթը՝ որպես ազգի առաջնորդ, ու Սարգսյանի պես «ֆինտուֆլյուշկաների» հետևից չի ընկել), սակայն դրանից մեր տնաբույծ «շուստրին» համեմատության մեջ ավելի լավը կամ վատը չի դառնում։

Սարգսյանի բազմաքայլ «շուստրիությունն» այն է, որ նա սկզբում հրապարակավ խոստացավ նոր Սահմանադրության պայմաններում չզբաղեցնել ոչ մի առանցքային պաշտոն, բայց հետո հետ կանգնեց իր խոսքից։

Այսքանից հետո ինչպե՞ս կարող ենք ասել, որ հայերն ամերիկացիներից «շուստրի» չեն։ «Հարիֆ» Օբամայի մտքով նման «տրյուկ» կանցնե՞ր։ Իհարկե, ոչ։

Մնում է, որ մեր ժողովուրդն ամերիկացիների նման «հարիֆ» լինի ու կարողանա պարբերաբար իշխանություն փոխել։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը