Մեկնաբանություն

27.08.2014 11:20


Ինչի՞ վրա է հիմնված Սերժ Սարգսյանի լավատեսությունը

Ինչի՞ վրա է հիմնված Սերժ Սարգսյանի լավատեսությունը

Առիթ եղել է գնահատական տալու Սերժ Սարգսյանի՝ «Բազե» համահայկական երիտասարդական հավաքի փակման արարողությունից հետո միջոցառմանը ներկա երիտասարդ լրագրողներին տված հարցազրույցին, որտեղ նա անդրադարձել էր արտագաղթին և վիճվարչության թվերին։ Ըստ նրա՝ արտագաղթի տեմպերը կրճատվել են, իսկ այս տարվա տվյալները խոստումնալից են։

ՀՀԿ ղեկավարը լրագրողներին խորհուրդ էր տվել համացանցում ուսումնասիրել պաշտոնական տվյալները և ճիշտ ձևակերպումներ տալ ու չօգտագործել «ահագնացող արտագաղթ» ձևակերպումը։

Հետևելով Սարգսյանի հորդորին՝ ես շարունակել եմ որոնումները համացանցում և նոր տվյալներ գտել, որոնք հետաքրքիր են թեմայի քննարկման շրջանակներում:

Որոնումների արդյունքում պարզեցի, որ 2013թ. Հայաստանի կառավարությունը Տիգրան Սարգսյանի նախաձեռնությամբ 13 մլն դրամ է տրամադրել Գիտության պետական կոմիտեին, որպեսզի վերջինս միգրացիայի վերաբերյալ ուսումնասիրություն պատվիրի: Պատվերը ստացել է Սլավոնական համալսարանը, որը կատարել է ուսումնասիրությունը, սակայն մինչև այսօր ուսումնասիրության արդյունքները չեն հրապարակվել:

ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը օրերս տված իր հարցազրույցում անրադառնալով հետազոտությանը նշել է, որ 2008-12թթ.՝ 5 տարիների կտրվածքով, արտագաղթը կազմել է 150 000 մարդ՝ տարեկան միջին հաշվով 30 000 մարդ: Եգանյանը համեմատելով այդ տվյալները 2002-2007թթ.՝ 6 տարիների կտրվածքով, արտագաղթի ընդհանուր թվի հետ, որը կազմել է 150 000 մարդ՝ տարեկան միջին հաշվով 25 000 մարդ, նշել է, որ Հայաստանում տարեկան կտրվածքով արտագաղթի 20 տոկոս աճ կա (տեղին է նկատելը, որ 2002-2007թթ. ընթացում արձանագրվել է նաև ներգաղթի դրական հաշվեկշիռ)։

Եգանյանը նաև նշել է, որ ըստ հետազոտության արդյունքների՝ արտագաղթի պատճառներից մեկը իր դիրքը փոխել է ընդհանուր ցանկում: Եթե ապագայի նկատմամբ վստահության պակասը 2002-07թթ. իր ազդեցությամբ 4-րդ դիրքում էր, ապա 2008-12թթ. ժամանակաշրջանին վերաբերող հետազոտությունում այդ պատճառը երկրորդ տեղն է զբաղեցրել արտագաղթողների մոտիվացիայի մեջ:

Ի դեպ, հետաքրքիր է այդ համատեքստում հիշել Սերժ Սարգսյանի 2013թ. մարտի 18-ի հարցազրույցի հնչեցրած միտքը. «Արտագաղթի բուն պատճառը գաղջ մթնոլորտն է, այն, որ մարդիկ լույս չեն տեսնում, հույս չեն տեսնում»:

Փաստացի, հետազոտությունները ցույց են տալիս, որ Սարգսյանի կառավարման օրոք գաղջը և ապագայի հանդեպ հավատի կորուստը որպես արտագաղթի պատճառ 4-րդ տեղից հասել է 2-րդ տեղը:

Եվ այսպես, միգրացիայի հարցերով պաշտոնյան պնդում է, որ տարեկան կտրվածքով արտագաղթի քսան տոկոս աճ կա, իսկ ահա Սերժ Սարգսյանը, հղում անելով վիճվարչությանը, նշում է, որ արտագաղթի տեմպերը կրճատվել են և այս տարվա տվյալները խոստումնալից են։ Հետաքրքիր է իմանալ, թե ինչի՞ վրա է հիմնված Սարգսյանի լավատեսությունը։

Սերժ Սարգսյանն իր ծաղկաձորյան ասուլիսում, խոսելով ստվերի մասին, զարմանք էր հայտնել, թե որտեղի՞ց մարդիկ գիտեն, որ ստվերը 70 տոկոս է կազմում։

«Ի՞նչ է՝ այդ մարդիկ սեփական վիճակագրական վարչությո՞ւն ունեն»,– հարցադրում էր առաջ քաշել նա։

Հիմա հարց է առաջանում՝ Սարգսյանը սեփական վիճվարչությո՞ւնն ունի, որ այդ կառույցին հղում անելով՝ հայտարարում է, թե արտագաղթի տեմպերը կրճատվել են։ Եթե Ազգային վիճակագրական ծառայությունը չունի հետազոտություն արտագաղթի մասին, իսկ միգրացիայի հարցերով զբաղվող կառույցի ղեկավարն էլ պնդում է, որ արտագաղթի տարեկան տեմպի քսան տոկոս աճ կա, ապա ո՞ր կամ ո՞ւմ վիճվարչության տվյալների հիման վրա է Սարգսյանը հայտարարում, որ տվյալները խոստումնալից են։

Արմեն Գրիգորյան

Այս խորագրի վերջին նյութերը