Մեկնաբանություն

03.04.2019 12:56


Ներսում՝ «դուխով», դրսում՝ քծնելով (տեսանյութ)

Ներսում՝ «դուխով», դրսում՝ քծնելով (տեսանյութ)

Վիեննայում տեղի ունեցած Փաշինյան–Ալիև բանակցություններից հետո ուշագրավ իրադարձություններ են տեղի ունենում Երևան—Մոսկվա–Բաքու եռանկյան մեջ։ Իրադարձություններ, որոնք աննախադեպ են։

Ինչպես հայտնի է, Ավստրիայի մայրաքաղաքից վերադառնալուց հետո Փաշինյանը հեռախոսազրույց էր ունեցել ՌԴ նախագահ Պուտինի հետ։ Այդ զրույցի վերաբերյալ ՀՀ վարչապետի ու ՌԴ նախագահի կայքերը տարբեր շեշտադրումներ էին օգտագործել։ Փաշինյանենք տարածել էին, թե քննարկում է տեղի ունեցել Պուտինի ու Փաշինյանի միջև Վիեննայում տեղի ունեցած բանակցությունների, ինչպես նաև հայ–ռուսական հարաբերությունների թեմայով։

Պուտինի կայքը, սակայն, օգտագործել էր ոչ թե «քննարկել», այլ «տեղեկացնել» բայը։ «Փաշինյանը տեղեկացրել է проинформировал» – Հ. Ու.) Պուտինին մարտի 29-ին Վիեննայում Լեռնային Ղարաբաղի խնդրի հետ կապված Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ հանդիպման արդյունքների մասին»,- մասնավորապես նշված է «Kremlin.ru»-ում:

«Ժողովրդի վարչապետը», փաստորեն, Ալիևի հետ բանակցել է ու շտապել «դակլադ» տալ Պուտինին, բայց որպեսզի մեր երկրի ներսում իր «դուխով» կերպարը ՀՀ «հպարտ» քաղաքացիների մոտ չփչանա, մամուլին տարածել էր, թե, իբր, ոչ թե «դակլադ» է տվել ու «ատչոտ» ներկայացրել Պուտինին, այլ քննարկել։ Տեղեկատվական դարաշրջանում, սակայն, նման մանր «շուստրիությունների» կյանքը թիթեռնիկի է, և հնարավոր չէ թաքցնել իրականությունը (իմ նախորդ հոդվածում այդ մասին գրել եմ–Հ.Ու.)։

Եթե նման բան անեին նախկինները, ապա «արևմտամետիստ» աշխատող Նիկոլ Փաշինյանը և նրա ներկայիս սորոսախառը թիմը տիեզերական աղմուկ ու հիստերիա կբարձրացներ վասալության, ՀՀ ինքնիշխանության կորստի և նմանատիպ այլ թեմաներով։ Բայց հիմա լուռ են, քանզի այն ժամանակ վճարվում էին հակառուսականություն խաղալու համար, իսկ հիմա ժամանակավորապես որոշել են ռուսամետ խաղալ՝ «պապից ավելի կաթոլիկ» տարբերակով։

Ի դեպ, բալանսը պահելու համար հեռախոսազրույց է տեղի ունեցել նաև Պուտինի ու Ալիևի միջև։ Խոսակցության թեման կրկին Վիեննայում տեղի ունեցած հակամարտության թեմայով բանակցություններն են եղել։ Հետաքրքրական է, որ պետական լրատվամիջոց «Արմենպրեսը» Կրեմլի կայքին հղում անելով է այդ լուրը դրել, բայց սխալ է թարգմանել, և այդ սխալը պատահական չէ։

Բանն այն է, որ Ալիև–Պուտին հեռախոսազրույցի մասին լուրի մեջ «Արմենպրեսն» օգտագործում է «Իլհամ Ալիևը տեղեկացրեց...» ձևակերպումը, որպեսզի ցույց տա, որ տեսե՛ք, միայն մեր Նիկոլը չէ, որ տեղեկացնում է, այսինքն՝ «դակլադ» է տալիս Պուտինին։ Բայց իրականությունն այն է, որ կրեմլյան կայքը Փաշինյանի մասով օգտագործել է «Փաշինյանը տեղեկացրեց» («проинформировал») ձևակերպումը, իսկ ահա Ալիև–Պուտին զրույցը ներկայացված է հետևյալ ձևով. «Ալիևը կիսվեց իր գնահատականներով» («Ильхам Алиев поделился оценками...»)։ Համաձայնե՛ք, որ սրանք որակապես տարբեր ձևակերպումներ են։ Միջպետական հարաբերություններում արարողակարգը, բառերը և ժեստերը շատ մեծ նշանակություն ունեն։

Եվս մեկ դետալի մասին։ Փաշինյան–Պուտին զրույցի թեմայով կրեմլյան կայքը գրում է, որ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Պուտինին ՌԴ միջնորդական ծանրակշիռ առաքելության համար։ Իսկ ահա Պուտին–Ալիև զրույցը ներկայացնելիս ռուսները չեն գրել այն մասին, որ Ալիևը շնորհակալ է եղել Պուտինից։ Եթե Ալիևը շնորհակալություն հայտներ, ապա կգրեին։ Չի հայտնել, չեն գրել։ Փաշինյանը հայտնել է, գրել են։

Իսկ շնորհակալ է Փաշինյանը Պուտինից, քանզի միայն ՌԴ–ի շնորհիվ կարողացավ դուրս գալ Բոլթոնի պլանից ու մի կերպ ճողոպրել այն թակարդից, որի մեջ հաճույքով հայտնվել էր։ Դրա համար էլ զանգում ու «դակլադ» է տալիս, իսկ այստեղ տարածում, թե, իբր, հավասարը հավասարի պես խոսել է ու հարց քննարկել ՌԴ նախագահի հետ։

Նիկոլի խնդիրը Հայաստանում «դուխով» երևալն է, որպեսզի դեռևս իրեն հավատացողների մոտ պահպանի իր մասին միֆը։ Դրսում նա լրիվ այլ կերպարի մեջ է։ Իրական կերպարի։

Հայկ Ուսունց

Այս խորագրի վերջին նյութերը