Մեկնաբանություն

03.03.2012 16:31


Արթուր Բաղդասարյանն ու չմաքսազերծված շշերը – 2

Արթուր Բաղդասարյանն ու չմաքսազերծված շշերը – 2
Այսօր ՕԵԿ–ը համագումար է արել։ Կուսակցության ներկայացուցիչներն ու առաջին հերթին դրա նախագահ Արթուր Բաղդասարյանը խոսել են օրենքից, արդարությունից, թափանցիկությունից, կոռուպցիայի դեմ պայքարից և այլ «պուպուշ» բաներից։ Սակայն մի բան է դեմագոգիան, մի այլ բան՝ իրականությունը։

Վերջերս մի հոդված էի հրապարակել, որը վերաբերում էր Արթուր Բաղդասարյանին պատկանող գինու և կոնյակի արտադրությամբ զբաղվող «Հայասի» գործարանի պետբյուջեին ունեցած պարտքերին։ Հիշեցնեմ, որ մեր ունեցած տեղեկություններով՝ ՕԵԿ նախագահին պատկանող այդ ընկերությունը շշեր էր ներմուծել ու չէր մաքսազերծել դրանք (տե՛ս http://7or.am/am/news/view/31122/%D4%B1%D6%80%D5%A9%D5%B8%D6%82%D6%80%E2%80%93%D4%B2%D5%A1%D5%B2%D5%A4%D5%A1%D5%BD%D5%A1%D6%80%D5%B5%D5%A1%D5%B6)։ 

Այդ հոդվածի հրապարակումից րոպեներ անց ու դրան հաջորդող 48 ժամվա ընթացքում «7 օրի» խմբագրության հեռախոսը պայթում էր «Հայասի  Գրուպ»–ից ստացած զանգերից։ Ա. Բաղդասարյանին կից ալկոհոլային խմիչքների արտադրությամբ զբաղվող «կանտոռայից» մեզ սպառնում էին դատի տալ՝ սուտ տեղեկություններ տարածելու համար։ Մենք ասացինք, որ «7 օրին» դատի տալն ու բարի համբավը վերականգնելն իրենց իրավունքն է և բնականաբար չկատարեցինք «Հայասի Գրուպի» գլխավոր իրավաբան ներկայացած Գևորգյանի պահանջը՝ հանել նյութը կայքէջից։

Տեսնելով, որ չեն կարողանալու հոդվածը հեռացնել՝ «Հայասիից» հերքման տեքստ ուղարկեցին, որի մեջ նշված էր, թե մեր տեղեկություններն այն մասին, որ կազմակերպությունը մաքսային վճարների մասով պարտքեր ունի չեն համապատասխանում իրականությանը։

«Ես` հանդիսանալով «Հայասի Գրուպ» ՍՊԸ-ի գլխավոր իրավաբան, հերքում եմ տվյալ հոդվածում ներառված «Հայասի Գրուպ» ՍՊԸ-ին վերաբերվող տեղեկատվությունը, քանի որ այն չի համապատասխանում իրականությանը, ինչպես նաև տեղեկացնում եմ, որ մինչ օրս «Հայասի Գրուպ» ՍՊԸ-ն չի ունեցել որևէ մաքսային և/կամ հարկային պարտավորություն պետ բյուջեի նկատմամբ` ավելին մեր կազմակերպությունը ՊԵԿ-ում ունի գերավճար»,– մասնավորապես նշված էր «Հայասի Գրուպի» հերքման տեքստում, որը ստորագրված էր ՍՊԸ–ի գլխավոր իրավաբան Հ. Գևորգյանի կողմից։ «7 օրն» այդ հերքման տեքստն ամբողջությամբ հրապարակեց կայքում՝ հոդվածին կից։ Դրանից հետո «Հայասի Գրուպից» մեր հեռախոսահամարները հանգիստ թողեցին, մեզ դատի չտվեցին ու մոռացան իրենց բարի համբավը վերականգնելու մասին՝ երևի մտածելով, թե ամեն ինչ ավարտվել է և իրենք փակել են թեման, բայց չգիտեին, որ ակամայից «Արթուր Բաղդասարյանը և չմաքսազերծված շշերը» հոդվածի 2–րդ սերիայի սկիզբն էին դրել։

Արթուր Բաղդասարյանի սեփականությունը հանդիսացող բիզնես կառույցում, հավանաբար, չէին պատկերացրել, որ մաքսայինին ունեցած պարտքերի մասին տեղեկատվական արտահոսքը իրենց աշխատակիցներից էր եղել ու դրա համար էլ, ժողովրդական լեզվով ասած, երկու ոտքով թակարդն ընկան, և ահա թե ինչու։

 Բանն այն է, որ հերքման տեքստը ստանալուն պես մենք դիմեցինք Պետական եկամուտների կոմիտե՝ պարզելու համար, թե արդյոք «Հայասի Գրուպը» առ 23.02.2012թ. (հոդվածի տեղադրման օրը) չվճարած հարկ կամ մաքս ունի՞։

ՊԵԿ–ի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից երեկ ստացանք գրություն, որտեղ մասնավորապես նշված էր հետևյալը. «Ի պատասխան Ձեր Ա–014, 24.02.2012թ. գրության հայտնվում է, որ «Հայասի Գրուպ» ՍՊԸ–ի պարտավորությունը ՀՀ պետական բյուջեի նկատմամբ կազմում է 5962 դրամ՝ բնապահպանական վճարի տույժի գորմար, ինչպես նաև շուրջ  66.000.000 դրամ չվճարված մաքսային վճար»։

Փաստորեն, Բաղդասարյանի «Հայասի Գրուպից» բլեֆ էին անում՝ նշելով, թե պետբյուջեին պարտքեր չունեն, այնինչ պարզվեց, որ մաքսայինի մասով կա շուրջ 66 միլիոն դրամի պարտք (ավելի քան 170 հազար դոլար), ինչը և պահանջվում էր ապացուցել։

Դե հիմա թող օրինաց երկրի ջատագով և համատեղությամբ Սերժ Սարգսյանի հաճախորդ (բնորոշումը Սերժինն է) Արթուր Բաղդասարյանին պատկանող հիմնարկի գլխավոր իրավաբանը նորից սպառնա մեզ դատի տալ կամ փորձի հերքման տեքստ ուղարկել։ Անհամբերությամբ սպասում ենք «Հայասի Գրուպի» արձագանքին, որպեսզի անցնենք 3–րդ սերիային։

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը